03/05/2024 09:43
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան։
Նրանք նշել են․«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։
Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները»։