03/05/2024 10:57
Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան
«Հրապարակ»-ը զրուցել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հետ։
- Պարզ ասեմ․ ես այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության ամենադաժան ոստիկաններից մեկն եմ եղել ժամանակին, դուք՝ բոլորդ գիտեք, բայց իմ դաժանությունը եղել է քրեական հանցագործների դեմ, սեփական ժողովրդի դեմ, որն իր տան համար կռիվ կտար, ես երբեք չեմ դրսեւորել։ Իսկ այսօրվա ոստիկանության աշխատանքի արդյունքը ոստիկանապետի կույր նվիրվածությունն է Նիկոլ Փաշինյանին։
- Համակարգի շարքային աշխատողների վարքն ինչո՞վ կարելի է բացատրել, չէ՞ որ նրանց դիմաց սեփական ժողովուրդն է կանգնած, հասարակ գյուղացին։
- Համակարգում աշխատող թողե՞լ են, ես նայում եմ՝ պետեր կային, որոնք իմ օրոք օպեր էլ չէին լինի։ Հիմա նոր սերունդ է՝ նոր մտածելակերպով, պարգեւավճարներով։
- Առանձնահատուկ դաժանությամբ են ճնշում ժողովրդական ընդվզումը, ոչ մեկին չեն խնայում, անգամ՝ անչափահասներին։
- Ես ապշած եմ, ես սարսափած եմ, ես իմ մտքի ծայրով, անգամ եթե ցանկանայի, ասենք, ավազակապետի, մարդասպանի, հղի կնոջ սպանության գործով հանցագործի նկատմամբ անգամ այդ դաժանությամբ ես չէի վարվի։ Ես ապշած եմ, նորմալ մարդկային ուղեղում այդ ընկալումը չի տեղավորվում՝ մարդն իր տան համար կռիվ է տալիս, էդ մարդուն ասում են՝ դու քո տան համար կռիվ մի տուր։ Մարդն ուզում է իր ստեղծածը պահել։
- Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իրենց վարքը մեկ բանով են բացատրում՝ հրաման ենք կատարում։
- Ես էլ եմ շատ հրամաններ կատարել, բայց շատ հրամաններ էլ չեմ կատարել, որոնք ապօրինի են եղել։ Նիկոլը որ վարչապետ դարձավ, ասում էր, թե Թամամյանն ինձ ծեծեց, ես փախա, հեռախոսս կորավ, լավ է, որ կորավ, ինձ չգտան հեռախոսի միջոցով․․․ Ի՞նչ է նշանակում ապօրինի հրաման, նրանք իրավաբաններ չեն, դրածոներ են։ Եթե մարդն օրենքը չգիտի՝ որն է կարելի, որը՝ ոչ, ինչի՞ մասին է խոսքը։
- Սահմանազատման անվան տակ ի՞նչ է կատարվում մեր սահմաններին։
- Թույլի ու ուժեղի պատմությունը գիտե՞ք․ թույլը ենթարկվում է, ուժեղը կարգադրում է։ Հայաստանը չի թույլը, Հայաստանի գործող իշխանավորներն են թույլը։
- Ի՞նչ եք կարծում՝ համակարգի պրոֆեսիոնալները, երկար տարիներ ճանապարհ անցած մարդիկ ինչո՞ւ են լռում։
- Ես չգիտեմ, ամբողջ պաշտպանության նախարարության գեներալներ կոչվածներից խիստ վիրավորված եմ։ Պահի տակ ուզում եմ հրաժարվել իմ գեներալի ուսադիրներից, նվիրեմ եսիմում․․․ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Ղարաբաղում ինչքան գեներալներ կային, Հայաստանի Հանրապետությունում 90 թվականից առայսօր քանիսը կան։ Պաշտոնական տեղեկություն է, եթե հարցում անեք ՊՆ, կասեն, թե քանի գեներալ կա։ Գոնե նրանք, բազմապատկած չորսով՝ իրենց ընտանիքների անդամներով, որ կանգնեն, ինչ-որ քվորում կապահովեն, չէ՞։
- Սա անտարբերությո՞ւն է, թե՞ հարմարվողականություն։
- Չէ, երեւի ժամանակին շատ են լափել, ուզում են լափածը պահել։
- Այսպես ո՞ւր ենք հասնելու։
- Անորոշ, այսօր` անորոշ, մյուս օրն էլ՝ անորոշ։
- Ոստիկանական համակարգի ներկայացուցիչներին կոչ ունե՞ք ուղղելու։
- Ես ասել եմ: 4 տարի առաջ եմ ասել՝ Վահե Ղազարյանին կալանավորելու են, Նիկոլն էլ փախչելու է։ Ես կոչ անելու բան չունեմ, խոսքը մեկ անգամ են ասում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում