03/05/2024 16:50
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Մարզերի երեխաների և պատանիների համար իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը շարունակվում է։ Բազմաբնույթ, հետաքրքիր կրթամշակութային այս ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկել է Լոռու մարզի Սպիտակի համայնքային գրադարանում: Այս մասին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։
Ծրագրի շրջանակում երեխաներին հյուրընկալվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը։
Ճամբարի առաջին օրն անցկացվել է «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթի համատեղ ընթերցմամբ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները զրույցների, քննարկումների միջոցով երեխաների հետ վերլուծել են գրական ստեղծագործության կերպարներին, բացահայտել՝ հեքիաթի խորհուրդը, խոսել՝ ուղերձների մասին:
Նկարչության վարպետության դասի ընթացքում Սոնա Բանոյանը երեխաներին ներկայացրել է նկարչական արվեստի հմտություններն ու գաղտնիքները: Դասընթացի շրջանակում երեխաները նկարել են դիմանկարներ՝ ոգեշնչման աղբյուր ընտրելով իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի և ֆրանսիացի նկարիչ Ֆ. Լեժեի հայտնի կտավները:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի, եվրոպական երկրների մշակութային ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններ, սահիկաշարի միջոցով ցուցադրել պատմամշակութային և տեսարժան վայրերի մասին պատմող լուսանկարներ։
Նշենք, որ Սպիտակում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը կանցկացվի երեք օր` մայիսի 2-4-ը։ Սպիտակի համայնքային գրադարանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կընթերցեն եվրոպական մանկապատանեկան գրական ստեղծագործություններ։ Կծանոթանան եվրոպական մշակույթի, արվեստի, հուշարձանների և ավանդույթների պատմությանը։ Համատեղ կընթերցեն գրքեր, որոնց շուրջ ծավալված զրույցները, քննարկումներն ու վիկտորինաները կնպաստեն երեխաների գեղագիտական, քննադատական, վերլուծական մտքի զարգացմանը։
Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:
Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում: