03/05/2024 18:27
«Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Քեմերոնի հայտարարությունը, թե Կիևն իրավունք ունի Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործել, Կրեմլը դիտարկում է որպես ուղիղ էսկալացիա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա ուղղակի էսկալացիա է, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը Քեմերոնի խոսքերը «ևս մի վտանգավոր հայտարարություն» է որակել, «լարվածությունը մեծացնելու վտանգավոր միտում՝ պաշտոնական ներկայացուցչի կողմից»։
Նշենք, որ մայիսի 2-ին Reuters-ը հարցազրույց էր հրապարակել Քեմերոնի հետ, որում նա պնդել էր, թե Կիևն իրավազոր է բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ Որոշ ժամանակ անց հարցազրույցը հետ էր կանչվել, ըստ Reuters-ի պարզաբանման, «որոշ դետալներ վերանայելու» համար, սակայն ավելի ուշ կրկին հրապարակվել էր․ հարցազրույցի նոր տարբերակը նախկինից չէր տարբերվել։