03/05/2024 11:13
Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին
Միջազգային «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։ Մայիսի 16-ին տեղի կունենա հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգության հայաստանյան պրեմիերան։ «7 օր, 7 գիշեր»-ը պարզապես հերթական ֆիլմը չէ, այն ներկայացնում է հայկական հարսանիքի ավանդույթը և հայկական մշակույթն արտահանում է այլ երկրներ։
Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում նրան ի վերջո հանջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր և 7 գիշեր տևող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում, իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։ Այժմ նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը՝ ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին, Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։
««7 օր, 7 գիշեր»-ը ֆիլմում ներկայացված է գեղեցիկ ընտանեկան սիրո պատմություն։ Առկա է շատ բարի հումոր․ այն ընտանեկան դիտման կինոնկար է։ Ֆիլմում առկա տեսարանները նույնպես շատ գեղեցիկ են, այն նկարահանվել է Հայաստանում և արտացոլում է մեր երկրի գեղեցիկ բնապատկերները։ Ֆիլմի նպատակն է հայաստանյան և միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական ավանդական հարսանիքը՝ իր գեղեցիկ տարրերով։ Սա հերթական կատակերգությունը չէ։ Այս ֆիլմը յուրատեսակ ձևով հանրահռչակելու է հայկական մշակույթը տարբեր երկրներում։ Մենք հույս ունենք, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում և տարածում կստանա»,-նշում են ֆիլմի հեղինակները՝ փաստելով, որ «7 օր, 7 գիշեր»-ի շուրջ համախմբված են եղել լավագույն մասնագետները։
Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լևոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը Hayat Project-ն է։
Նշենք նաև, որ հայաստանյան պրեմիերայի հետ զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաև մի շարք ԱՊՀ երկրներում։