03/05/2024 13:30
Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում հարցում են իրականացրել: Հարցումներին մասնակցել է 1100 մարդ:
Մարդկանց հարցերլ են՝ ե՞րբ է ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը:
«84 տոկոսը նշել է 1945 թվականի մայիսի 9-ին, 7 տոկոսը՝ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին, 4 տոկոսը՝ օգոստոսի 9-ին, 1 տոկոսը՝ 1941 թվականի հունիսի 22-ին, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- նշեց Նավասարդյանը:
Քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք կարևոր օր են համարում Մայիսի 9-ը:
71 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 15.1 տոկոսը՝ ավելի շուտ այո, 4.4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 8.8-ը՝ միանշանակ ոչ:
Ինչպես են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը:
Հարցվածների 25.7 տոկոսը դրան դրական է վերաբերվում, 8.3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, չեզոք են արտահայտվել 27.9 տոկոսը, 10.1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 24.9 տոկոսը կարծում է, որ դա ողբերգական սխալ է եղել:
Այն, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն պատմական անցյալ, դա 25.5 տոկոս հարցվածների կարծիքով դրական գործոն է, 29.9 տոկոսի համար՝ ավելի շուտ դրական գործոն է, 15.5 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ բացասական գործոն է, 21.4 տոկոսը՝ միանշանակ բացասական գործոն է։