03/05/2024 19:29
«Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին
Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարությունը՝ մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ․
«Մայիսի 3-ն աշխարհում նշվում է որպես Մամուլի ազատության միջազգային օր։
Տևական ժամանակ է, սակայն, Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում դարձել է ոչ թե լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորելու, այլ երկրում մամուլի ու խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ։
Լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից ճնշումներն ու իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնությունները, ցավոք, սովորական երևույթ են դարձել հայկական մամուլի համար։ Դրանց համակարգված բնույթը, լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիությունը հիմնավոր կասկած են հարուցում, որ մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ, հովանավորությամբ, իսկ երբեմն՝ նաև ուղղակի ցուցումով։
Մամուլի ու խոսքի ազատության դեմ Հայաստանի իշխանության կողմից ցուցաբերվող անհանդուրժողականությունն իրականում ունի խորը քաղաքական դրդապատճառներ։ Երկրում, որտեղ ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունեցող փոխզսպումների ու հակակշիռների համակարգերը փաստացի չեն գործում, մամուլը մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը։ Հետևաբար՝ պայքարելով խոսքի ու մամուլի ազատության դեմ՝ իշխանությունը լուծում է ավտորիտար բնույթ ստացող իշխանական բուրգի դիրքերն ամրապնդելու, նրա գործունեությունը հանրային վերահսկողությունից դուրս դնելու հակաժողովրդավարական խնդիր։
Ցավոք, իշխանությունների այս գործողությունները հատկապես վերջին շրջանում տեղի են ունենում տասնամյակներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության ու մամուլի ազատության հիմնահարցերով զբաղվող որոշ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների անտարբերության, հիմնականում՝ լռության պայմաններում, ինչն էլ իր հերթին ողջամիտ կասկած է հարուցում, որ հանուն աշխարհաքաղաքական նպատակների՝ նրանցից շատերը պատրաստ են հանդուրժել իրենց իսկ հռչակած արժեքների ոտնահարումը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝ սկզբունքայնության և հետևողականության համար:
Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով շարունակել հավատարիմ մնալ մասնագիտական պարտականությանը, չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ և անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ու անշրջելի ազատության հաստատման համար»։