03/05/2024 20:32
«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»
Գնդապետ Պայքար Ղալումյանը 1980-ականներին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ներքին գործերի բաժնի պետը, 1989-ի դեկտեմբերից ՆԳՆ-ի հասարակական կարգի պահպանության բաժնի պետը, 1990-ի հունվարից ղեկավարել է Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան։
Տավուշում սահմանազատման մասին «Հրապարակ»-ին նա ասել է.
«Ես չգիտեմ, թե ինչ քարտեզներով են սահմանը գծում։ Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում եւ սահմանագծում կատարվել է 1985թ․-ի փետրվարից մինչեւ 1987թ․-ի հոկտեմբերը՝ Սովետական միության կառավարության որոշմամբ ստեղծված 3 հանձնաժողովների միջոցով։ Շուրջ 2 տարի 8 ամիս մետր-մետր սահմանազատում ու սահմանագծում են կատարել։ Նոյեմբերյանի տարածքում ես եւ ԱԱԾ պետը ժամ ու կես եղել ենք դեպքի վայրում ու տեսել ենք, թե ինչպես են սահմանը գծում։ Մենք հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը տարբեր տարիներին, տարբեր ճանապարհներով Ադրբեջանը տարել էր։ Այդ գյուղերը, որ հանձնում են, հայկական գյուղեր են, որը սովետական տարիներին, ինչպես Նախիջեւանը, Վարդաշենի շրջանը, Գանձակը, հայերից վերցրել՝ տվել են ադրբեջանցիներին, որովհետեւ նրանց իշխանավորները շատ ավելի ուժեղ են եղել, հարցը Մոսկվայում լուծել են։ Դրանք հայկական տարածքներ են։ 1988 թ․ հունվարի 12-ին ստորագրվել է արձանագրություն, որտեղ գրվել է, որ այսուհետեւ հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածում սահմանային վեճ առաջանալու դեպքում ղեկավարվել սույն արձանագրությամբ եւ կազմված քարտեզներով։ Այդ քարտեզները կան Մոսկվայի գլխավոր շտաբում, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այդ հարցը հնչեցրել եմ մի քանի անգամ, ոչ ոք քարտեզները վեր չի հանում»։