04/05/2024 10:03
ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը:
Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը:
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: