04/05/2024 15:05
2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց
Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:
- Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
- Հարկ ենք համարում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջանական համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լուծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ականներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերեվարված 23 անձ:
Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկչական գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկոցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մեղադրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պահին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղահանման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային կոթողների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդակահարությունների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաստական տվյալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները:
Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կորածների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել երկու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշատակել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայտարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պատերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առկա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկայում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբեջանական կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տեղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:
Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ արդեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտերիմների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադրբեջանցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լուծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում: