04/05/2024 14:00
Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում
Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, բերետավորներ: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի, հայտնում է «Ազատություն»-ը:
Գյուղացիներն, ըստ էության, մուտք չունեն իրենց հողամասեր, որոնց համար ունեն դեռ 20 տարի առաջ ստացած սեփականության վկայականներ: Երեկ բնակիչներից Ռաֆիկ Ափինյանին արգելել են մոտենալ իր այգուն, սակայն այսօր որոշ ճշտումներից հետո լրագրողներին և բնակչին թույլատրել են շրջանցել ԱԱԾ ծառայողները և մուտք գործել այգի:
«Ազատության» հարցին, թե ինչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր ոստիկանները, իրավապահները չեն չպատասխանել: Միայն ասել են, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե փորձ արվի նորից փակել ճանապարհները, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել:
Երեկ դեռ ոստիկանությունը հայտարարել էր, որ ականզերծման աշխատանքները հնարավոր դարձնելու համար է գյուղ տանող ճանապարհները փակվել, բայց թե կոնկրետ ո՞ր տարածքներում է ականազերծման աշխատանքներ կատարվել և արդյո՞ք կատարվել են նաև սահմանազատման աշխատանքներ՝ դեռևս հայտնի չէ:
Գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական ուժերը տեղակայվել են գյուղ մտնող ճանապարհին, նաև մի խումբ փոքրաթիվ տեղացիներ են հավաքված: Ընդդիմությունը և հոգևորականները, որոնք օրեր շարունակ եղել են այդ հատվածում, դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: