04/05/2024 10:34
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ»
Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին, գրում է «Սիվիլնեթ»-ը:
Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։
Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։
Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։
«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։
Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։
Ի՞նչ է հայտնում Հանրայինը
Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։
Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։
«Լուրեր»-ի անդրադարձները ցույցերին հիմնականում հաղորդման երկրորդ հատվածում են այն պարագայում, երբ տավուշյան ցույցերը երկրի գլխավոր իրադարձությունն են։
23։50-ից Լուրեր 21:00 | Մեր առաքելությունը ՀՀ-ն ազատ, զարգացած և անվտանգ պետություն կայացնելն է. վարչապետ
Հ1-ը հատվածական է ներկայացրել նաև «Երկրապահ կամավորականների միության» մեքենայի հետ կապված երկու միջադեպերը։ Ըստ ցույցի մասնակիցների՝ ապրիլի 21-ին ԵԿՄ մեքենան ընթացել է (տեսանյութ) իրենց ուղղությամբ, ինչից հետո բախումներ են սկսվել։ «Լուրեր»-ը, սակայն, ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ պատգամավորն ասում է, թե «Երևանից գնացած խումբը տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության մեքենան է ջարդել»։ «Լուրեր»-ի ուշադրությունից դուրս է մնացել այն պահը, երբ ԵԿՄ-ի վարորդը մեքենայի վրայով ցատկում է ցուցարարների վրա։
Ապրիլի 23-ին նույն մեքենայի, նույն վարորդով մասնակցությամբ երկրորդ միջադեպի մասին «Լուրեր»-ում ներկայացվել էր Քնչական կոմիտեի հայտարարությունը, որ մեքենան փորձել է անցնել ճանապարհը, վիճաբանություն է սկսվել ցուցարարների միջև, որից հետո ցուցարարները սկսել են փայտերով հարվածել մեքենային։ Լրատվական թողարկման ժամանակ չի նշվում նաև, որ, ըստ ցուցարարների, մեքենան է մխրճվել ցուցարարների մեջ։ Մեքենան պատկանում է Երկրապահ կամավորականների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Յուրա Հարությունյանին։ Նա հաստատել է, որ ինքն է «ուժ գործադրել ու բացել ճանապարհը»։
Այսպիսով, արդեն տասն օրից ավելի է, ինչ Տավուշում, այլ մարզերում և Երևանում հավաքներ են ընթանում, ճանապարհներ փակվում, բայց Հանրայինի «Լուրերի» գլխավոր թողարկումը հավաքներին անդրադառնալիս մեծամասամբ ներկայացնում է իրավապահ մարմինների հայտարարությունները, իսկ Տավուշի բնակիչների հետ չի զրուցում` հասկանալու նրանց մտահոգությունները։
Մանրամասները` հղմամբ: