04/05/2024 16:35
Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի
Մի տեղ կարդացի ՝ ու՞ր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարից։
Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. « Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ»։
Դրական գնահատելով նոր ձեւավորված հականիկոլական ձեւաչափերի ի հայտ գալը՝ նշեմ մի կարեւոր հանգամանք. իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացիւցիչների կողմից։
Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին, մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին, Երեւանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչեւ ճանապարհ փակել ու ձերբակալվել։
Ինչու՞ է կալանավորված Արմեն Աշոտյանը։
Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։
Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսեւորումներ՝ ԱԺ-ի հայտարարություններից, հարցազրույցներից մինչեւ անհնազանդության գործողություն իրականացնելը։
Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը, շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։
Ողջունելի է, որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է։
Դա է նաեւ այն հույսը, որ Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին։
Բայց հաջողություն հասնելու կարեւոր պայմաններից է նաեւ մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը, որը կհանգեցնի համազգային, կրկնում եմ՝ համազգային դիմադրության ու ընդվզման։
2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի, իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։
Իսկ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի գործառույթ»։
Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։
Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարհելու ժամանակաշրջանը։
Հույս, Հավատ, Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։
Հարությանը նախորդում է խաչելությունը։
Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։
Խաչելությունը տեսանք ու խաչվեցինք ազգովի։
Աստված տա՝ հարությունը մոտ լինի։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով