04/05/2024 12:41
«Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը
Ավարտվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման արշավը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրազեկման արշավի նպատակով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 4-ին` Գավառ համայնքում, որի ընթացքում Գավառի բնակչության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառում վերաբնակություն հաստատած հայրենակիցների շրջանում ներկայացվեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Ներկայացվել է պետության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող ընտանիքներին մինչև 60 մլն դրամ անհատույց պետական աջակցություն տրամադրելու, բնակարան կառուցելու, բնակության պայմանները բարելավելու գործընթացից օգտվելու մանրամասները:
Այսպիսով՝
-Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։
Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև 12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։
-Այսպիսով, անհատույց աջակցությունը կարող է կազմել մինչև 28,7 միլիոն դրամ։
-Եթե ընտանիքը որոշել է վերակառուցել իրենց տունը, ընդ որում տունը կարող է լինել թե նորակառույց և թե ոչ, վերանորոգման հարցում ևս պետությունը կօժանդակի էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով։ Այս դեպքում պետությունը կաջակցի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով։ Աջակցության չափը կարող է հասնել մինչև 5,7 միլիոն դրամի։
Հավելենք նաև, որ այս ծրագիրը գործում է ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում այլ Հայաստանի ամբողջ տարածքում։
-Նախորդ ծրագրի հետ համադրած՝ պետության աջակցության ծրագրի չափը կարող է կազմել մինչև 34,4 միլիոն դրամ։
-Իսկ եթե ընտանիքին անհրաժեշտ է ավելի շատ գումար և ստիպված է 16 միլիոն դրամից ավելի շատ հիփոթեքային վարկ վերցնել,
պետությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրով կաջակցի նաև այդ ավել մասը մարելու հարցում։
Մասնավորապես, եթե ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, ապա պետությունը, որպես աջակցություն, կտրամադրի մինչև 1,5 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 3 երեխա, ապա պետությունը մայր գումարի մարման համար կհատկացնի մինչև 2 միլիոն 250 հազար դրամ։
-Եթե ընտանիքը ծրագրին դիմելու պահին ունի 4 և ավելի երեխա, ապա 3 միլիոն դրամ՝ մայր գումարի մարման համար։
-Այն իրավիճակում, երբ ընտանիքը պատրաստվում է ունենալ նոր երեխաներ, ապա բացի նշված ծրագրերից, պետությունը նրանց կտրամադրի հավելյալ աջակցություն՝ նոր երեխայի ծնվելու դեպքում։
-Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը յուրաքանչյուր անգամ կհատկացնի մինչև 750 հազարական դրամ՝ հիփոթեքային գումարի մարման համար։
-Թվով 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի դեպքում, յուրաքանչյուր անգամ պետությունը կհատկացնի մինչև 3 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար։
-Կարևոր է իմանալ, որ ընտանիքը պայմանների բարելավման դեպքում կարող է միաժամանակ օգտվել վերոնշյալ աջակցության բոլոր ծրագրերից։
-Նախորդ ծրագրերի հետ համադրած՝ պետության աջակցության չափը կարող է կազմել մինչև 43, 4 միլիոն դրամ։
-Բնակարանային ապահովման ծրագրից զատ, պետությունը ընտանիքին առանձին աջակցություն կտրամադրի նաև երեխա ունենալու կապակցությամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեսքով։
-Նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ 300 հազար դրամ է, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրամադրում է մինչև 1,5 միլիոն դրամ։
-Բացի միանվագ նպաստը, երեխա ունենալու դեպքում պետությունը ծնողին տրամադրում է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար կազմում է ամսական 69 հազար դրամ ։
-Եթե օրինակ ծնվեն ընտանիքի 1-ին և 2-րդ երեխաները, ապա ընտանիքը պետությունից կարող է ստանալ մինչև 3 միլիոն դրամ խնամքի աջակցություն, իսկ եթե օրինակ ծնվեն 3-րդ և 4-րդ երեխաները, ապա բացի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հաշվով տրամադրելու է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։
-Այսպիսով, սահմանամերձ բնակավայրում տուն կառուցող, վերանորոգող ուերեխա ունեցող ընտանիքի հասանելի պետական աջակցությունը կարող է հասնել մինչև 56 միլիոն դրամի։
-Այն դեպքում, երբ ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է և սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հավելյալ հիփոթեքային վարկ է վերցրել, ապա պետությունը «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի շրջանակներում կտրամադրի ևս 2,5 միլիոն դրամ՝ որպես կանխավճար ու 5 տոկոսային կետով կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքը։
-Այս ամենի հետ համատեղ, եթե ընտանիքի ամուսինները գրանցված աշխատողներ լինեն, ապա կարող են օգտվել նաև հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման աջակցությունից, ինչպես նաև կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման արտոնություններից։
-Համադրելով նշված աջակցության ծրագրերը՝ պետական աջակցության ընդհանուր չափը մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում, կարող է կազմել 60 միլիոն դրամ՝ առանց վերադարձնելու պայմանի։
«Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի»,- նշված է հաղորդագրությունում: