06/05/2024 12:45
Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան
Արզումանյան փողոցի համար 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու հարցը զեկուցելիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ 73 բնակարանից 32-ի մասով արդեն պայմանագրերը պատրաստ են ստորագրման։
«Ակնկալում ենք, որ այս խմբաքանակի ստորագրումից հետո որոշ բնակիչների կողմից նույնպես համաձայնություն ձեռք կբերվի, բայց, ցավոք, կանխատեսում ենք, որ որոշ բնակիչների հետ պայմանագրի կնքմանը չենք հասնելու կամ հասնելու ենք միայն դատական կարգով»,-ասաց Գրիգորյանը։
Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, թե բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ դատական կարգով գնալու դեպքում, իրենց բնակարանի շուկայական արժեքն է գնահատվելու, որը մոտ է զրոյի։
«Այդ գիտակցումը բոլորը պետք է ունենան։ 4-րդ աստիճանի վթարայնության շենք է և դրա գինը զրոյին շատ մոտ է, որովհետև քանդման ենթական շենք է։ Եվ եթե այդ պայմաններով են գնում դատարան, ուրեմն մենք էլ իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք հարցին, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ։ Հետո չգալ և չասել՝ վայ, մարդիկ անտուն են մնում»,-ասաց Տիգրան Ավինյանը։