06/05/2024 10:44
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին, մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ֆեյսբուքյան էջում։
«Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան արտասահմանյան արտադրության է, մոտ 40 հազար դոլար արժողությամբ։ Սակայն Սասունը Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգեցված են եղել։ Համայնքի ղեկավարի եղբայրը այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։
Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին է նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա նախկինում բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը ավարտել է Դիլիջանի քոլեջը, այժմ հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում»: