06/05/2024 10:33
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Ադրբեջանցիները շարունակում են պահանջներ ներկայացնել 4 գյուղերի, անկլավների նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը՝ շեշտելով՝ անշուշտ, Հայաստանն էլ ունի բաներ, որ պետք է պահանջի դրա դիմաց, օրինակ, որ ադրբեջանական ուժերը դուրս գան Ջերմուկի մերձակայքից։
Թոմ դե Վաալը միևնույն ժամանակ նկատել է՝ ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Թոմ դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Հրայր Թամրազյան․ - Ուզում եմ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքից, որը հանգեցրեց Տավուշի մարզի որոշ հատվածներում հայ-ադրբեջանական սահմանի առաջին սահմանազատմանը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանը համաձայնել է հանձնել չորս գյուղ, որոնք գտնվում էին իր վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր։ Վարչապետ Փաշինյանը զգուշացրել է, որ եթե չհանձնեն այս տարածքները, Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Նա ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ նույնիսկ տարածքները հանձնելուց հետո երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվի։ Փաշինյանը նաև բացատրեց, որ Հայաստանը հանձնում է իրեն չպատկանող տարածքներ։ Սակայն տեղի բնակիչներն ու ընդդիմությունը համաձայն չեն: Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ կատարվում է գետնի վրա։ Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանա այս տարածքները զիջելուց հետո, գոնե Ադրբեջանից երաշխիքներ ստամա, որ չի հարձակվի։
Թոմ դե Վաալ․ - Այո՛, միանշանակ, ակնհայտորեն, մինչ աշխարհն ավելի շատ զբաղված էր Վրաստանում կատարվող իրադարձություններով, այս գյուղերի հանձնումը նույնպես տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում։ Նախ, եկեք պարզ ասենք, որ ցանկացած քարտեզով այս գյուղերը Խորհրդային Ադրբեջանի կազմում էին և պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ, որ դրանք դատարկ են եղել այս տարիների ընթացքում: Եվ, իհարկե, հայերը մտահոգված են, որ սահմանը մոտենում է, որ նրանք ավելի մոտիկից են տեսնելու ադրբեջանական դրոշները։ Հայերը նաև անհանգստանում են ճանապարհների հարցի պատճառով և այլն։ Սրանք լիովին հասկանալի մտահոգություններ են։ Բայց կարծում եմ, որ պարոն Փաշինյանը փորձում է ավելի խոշոր պատկերը տեսնել։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունն ասում է, որ իրենք ավելի խոշոր պատկերի մեջ են դիտարկում այս ամենը ու իրենց տեսանկյունից սահմանազատումը շատ զգայուն խնդիր է: Իսկ ռուսները շարունակում են ասել, որ իրենք են ուզում սահմանազատողը լինել։ Ադրբեջանցիները շարունակում են պահանջներ ներկայացնել այս գյուղերի, անկլավների նկատմամբ։ Այսպիսով, ենթադրում եմ, որ Փաշինյանը ասում է, որ գործընթացն ավելի լավ է, քան գործընթացի բացակայությունը: Այս գյուղերը հետ ենք տալիս։ Դադար ենք վերցնում, կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Անշուշտ, Հայաստանն էլ ունի բաներ, որ պետք է պահանջի դրա դիմաց, օրինակ, որ ադրբեջանական ուժերը, որոնք 2022 թվականի սեպտեմբերից գտնվում են Ջերմուկի մերձակայքում, դուրս գան այնտեղից։ Բայց այստեղ նորից հարցն այն է, թե ո՞վ է միջնորդը։ Ո՞վ է լինելու այն մեկը, որ ադրբեջանցիներին կասի, որ դուրս գան։ Սա է խնդիրը այստեղ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։