06/05/2024 13:03
Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն:
Մրցույթն ուղղված է «Բնական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը:
Դրամաշնորհները տրամադրվելու են 24 ամիս տևողությամբ՝ մինչև 10 անձից բաղկացած գիտական խմբերի: Նախագծի ավարտին հայաստանյան խմբի անդամները պետք է ունենան առնվազն 1 հրապարակում ՄԳՇ-ում` իտալական կողմի խմբի անդամ(ներ)ի հետ համահեղինակությամբ։
Խմբի ղեկավար կարող է լինել 1954 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան և մրցույթի հրավերի 5.3 կետի պահանջներին համապատասխանող հրապարակումներ ունեցող անձը:
Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:
Նախագծի իրականացման վայր հանդիսացող կազմակերպությունը պետք է լինի ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատություն:
Մրցույթին մասնակցության համար իտալական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://www.cnr.it/en/bilateralagreements/open-calls հղմամբ:
Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Վերջնականապես ձևավորված և համաձայնեցված հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, իսկ իտալական կողմը՝ ԱՀԽ:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի հունիսի 14-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024 թվականի հունիսի 21-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնից` աշխատանքային օրերին, ժամը 10:00- 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115):