06/05/2024 16:43
Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար
Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ կարողացել ենք քայլեր ձեռնարկել՝ զարգացնելու Եվրամիության ու Հայաստանի միջև կապերը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք պատրաստում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը: Բացի դրանից՝ պատրաստվում ենք երկու կողմերի միջև ազատականացման երկխոսություն սկսել, և հույս ունենք, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երկար ընդմիջումից հետո Հայաստանն ու Հունգարիան եկել են վերսկսելու դիվանագիտական հարաբերությունները, իսկ անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«180 մլն ֆորինտ փուլ առ փուլ կտրամադրվի Հայաստանում նոր կյանք սկսող հայ ընտանիքներին։ Միջոցները կհատկացվեն ԱՕԿԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 1,200 հայ երեխա և ծնող հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում, իսկ ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ: Հունգարիայի 4,200 հոգանոց հայ համայնքին կհատկացվի 2 միլիարդ ֆորինտ՝ մշակույթի ու ինքնության պահպանման համար»,- նշեց Սիյարտոն։