06/05/2024 10:52
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան անհամաչափ և միջազգային նորմերին անհամապատասխան սահմանազատման առնչությամբ։
«Արցախի կորստից հետո այսօր արդեն Հայաստանն է գոյաբանական խնդրի առջև հայտնվել, որի հիմնական պատճառը ՀՀ գործող կառավարության անհեռատես և պարտվողական քաղաքականությունն է։ Այսօր, առավել քան երբևէ, սփյուռքը չի կարող այլևս անտարբեր մնալ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջողական և հակասահմանադրական քայլերի նկատմամբ։
Մենք բարձր ենք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մեր մտահոգ հայրենակիցների նախաձեռնած շարժումն՝ ի պաշտպանություն Հայաստանի այսօրվա սահմանների։ Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» և նմանատիպ համաժողովրդական, ապակուսակցական շարժումներին և լիահույս է հայ ժողովրդի պատմական և իրավական արդարության վերականգման հարցում։