06/05/2024 11:22
ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա մասնավորապես նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից:
Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում:
Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:
Նա գրել է նաև․ «Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (Bishop Bagrat Galstanyan), մյուս հոգևորականների, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է կեղծիքների ու վիրավորանքների ամոթալի, անարժանապատիվ արշավ։ Այդ արշավը նաև այն քաղաքացիների նկատմամբ է, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանին։ Սա ժողովրդավարության հիմքերին հակադրվող գործընթաց է:
Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, որը ներկայում իշխանությունն օգտագործում է իր շահերի համար, այլ հարցերի թվում քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։
Այս արարքները թույլ տալու հարցում հատկապես ակտիվ են ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները»: