06/05/2024 14:24
Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին
Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի հերթական հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել են Բենիամին Պողոսյանը, Ջոնի Մելիքյանը, Ստեփան Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ահմադ Ալիլին և Ռամազան Սամադովը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջոնի Մելիքյանը նշել է, որ Բոննում կայացած քննարկումների ժամանակ հիմնականում շոշափվել են լայն թեմաներ՝ ավելի ընդգրկուն ձևաչափերով, որոնց համատեքստում կայացավ նաև հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը։
«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող աշխատանքային-փորձագիտական խումբը գործում է երեք տարի, բայց քանի որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից ու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից իրականացված էթնիկ զտումից հետո իրավիճակը փոխվեց, մենք բարձրաձայնեցինք, որ այդ ձևաչափով առաջ շարժվելն արդեն անիմաստ է։ Կա հնարավորություն, որպեսզի ձևավորվի եռակողմ, տարածաշրջանային ֆորմատ, որտեղ անդրկովկասյան երեք երկրների փորձագետները կփորձեն համատեղ քննարկել հարցերն ու հետագա համագործակցության հնարավորությունները։ Հուլիսին տեղի կունենա փորձագետների եզրափակիչ ու ընդլայնված հանդիպումը, ինչից հետո, եթե ԵՄ-ն ցանկություն ունենա ֆինանսավորել տարածաշրջանային ձևաչափի աշխատանքը, գուցե, գործընթացը շարունակվի արդեն վրացի գործընկերների ակտիվ մասնակցությամբ։ Նախկինում մենք Թբիլիսիում ունեցել ենք նման հանդիպումներ վրացական կողմի նախաձեռնությամբ, իսկ այսօր ավելի շատ անհրաժեշտություն կա միասին խոսելու մեր տարածաշրջանի ապագայի ու խնդիրների մասին, որոնց հանգուցալուծմանը կարելի է հասնել կայուն իրավիճակի և արդար խաղաղության պայմաններում»,- ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Բոննում կայացած հանդիպումը նախորդ երեք տարիների գործունեությունը լոկ ամփոփելու փորձ չէր, այլև հնարավորություն՝ քննարկելու մինչև այժմ տրանսֆորմացված խնդիրներն ու այն հարցը, թե ինչպես նպատակահարմար կլինի աշխատել ապագայում։ Մելիքյանի տեղեկացմամբ՝ եթե եվրոպական կառույցը, որը երեք տարի առաջնորդում էր տվյալ գործընթացը, դրամաշնորհ տրամադրի եռակողմ քննարկումների համար, աշխատանքները կտրանսֆորմացվեն նոր ձևաչափում։
«Հայկական և ադրբեջանական կողմերը քննարկմանը ներկայացել էին իրենց համապատասխան մեսիջներով ու փորձագիտական վերլուծություններով։ Մենք փորձում ենք հասկանել, թե ինչ են մտածում հակառակորդ երկրի փորձագիտական շրջանակները, որոնք որոշակի կապեր ունեն իշխանության հետ։ Ուզում էինք հասկանալ, թե պաշտոնական Բաքվի մոտեցումները, հայտարարություններն ու քայլերը որքանով են համապատասխանում իրականությանը։ Նմանօրինակ բոլոր հանդիպումների ընթացքում ձգտում ենք այդ ամենը հասկանել, մեզ համար վերլուծել, որպեսզի հետագայում գործընթացների վերաբերյալ հանդես գանք մասնագիտական տեսակետներով»,- ասել է նա։
Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ փորձագետների հանդիպմանն առնչվող եզրափակիչ հաղորդագրությունը քննարկելիս՝ առաջ քաշվեց այն տեսակետը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Քանի որ Բաքուն խուսափում է դրանից, հետևաբար կարևոր է, որ համատեղ քննարկման արդյունքում, ըստ Մելիքյանի, եզրափակիչ հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, տեղ գտավ այդ դրույթը։
«Բոննում տեղի ունեցավ նաև քննարկում, որը նվիրված էր մեր տարածաշրջանում ջրային պաշարների խնդրին, որը կարող է լինել ոչ միայն համագործակցության ոլորտ, այլև ապագայում պոտենցիալ կոնֆլիկտի աղբյուր։ Երկրորդ օրը տեղի ունեցավ ավելի լայն համաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխությանը, ինչպես նաև համապարփակ անվտանգության հիմնահարցին, որին նվիրված է նաև Բաքվում այս տարվա նոյեմբերի 24-ին նախատեսված համաժողովը՝ COP29-ը։ Այս թեման մասնակիցներին տվեց ավելի լայն շփումների հնարավորություն»,- եզրափակել է փորձագետը։