06/05/2024 16:11
Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «զգուշավոր լավատեսություն» է հայտնել մայիսի 10-ին կայանալիք Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման առումով։
«Վերջնական խաղաղության հաստատումը բխում է Հայաստանի ու Ադրբեջանի շահերից։ Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով»,- Հունգարիայում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ ու հիմա էլ կարծում է, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ կհաջողվի համաձայնության հասնել։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը դեռ լիարժեք փոխըմբռնում չունեն։
«Այս հարցերի շուրջ, կարծում եմ, ուշ թե շուտ կհաջողվի գալ համաձայնության, որովհետև երկրների ղեկավարների ու փոխվարչապետների դեպքում որոշակի ըմբռնում կա։ Եթե մեզ հաջողվի այս ամենը հստակ արձանագրել խաղաղության պայմանագրում՝ կարող ենք ասել, որ մենք տեղ ենք հասնում խաղաղության հաստատման առումով»,- հավելեց Արարատ Միրզոյանը։