06/05/2024 12:29
Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարող է վերածվել համաժողովրդական ընդվզման։
«Ես որևիցե բան չեմ բացառում, ես ասում եմ, որ քաղաքական առաջարկ, երբ կլինի... ես չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե այն, ինչ իրենք են արել 2018 թվականին, հիմա կրկնում են։
«Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ է՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, էլ ով կար, մնացածներին բերելու են ցույց տան, ասեն՝ էս են։ Չի կարելի նույն տրամաբնության մեջ փորձել, մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը վստահ է, որ հայ ժողվուրդը վստահում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի։
«Ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ։ Ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»,- հավելեց ԱԺ նախագահը։