06/05/2024 11:56
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ)
Հայաստանը պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին, որը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին։
«Նամակն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, Սարգիս Խանդանյանն էլ մեկ-երկու օր հետո պատասխանել է»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, թե տեղյակ է՝ ինչ են պատասխանել ռուսական կողմին, սակայն չմանրամասնեց։
«Տեղյակ եմ, բայց չեմ ասի։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, նույնը պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել»,- ասաց ԱԺ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
«Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթները։ Մեր գործընկերն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել էր Մատվիենկոն։
Նշենք՝ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։