07/05/2024 19:18
Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցրել է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին, որպեսզի Մայր Հայաստանը Արցախի ճակատագրին չարժանանա։
Այս առնչությամբ Մետաքսե Հակոբյանը հայտարարել է՝ գնում է եկեղեցու կանչով․
«Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ես զավակն եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԵԿԵՂԵՑՈւ ու պարտավոր եմ և գնում եմ եկեղեցու կանչով…
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ՍՐԲԱԶԱՆ. «Սիրելի արցախցիներ,
Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ հետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:
Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»։.