07/05/2024 14:11
Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց
Մենք ակնկալում ենք, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները ՀՀ-ի քաղաքացիների և ՀՀ պետական կարգը հարգեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ անհավանական բան չենք ուզում։ Չեմ պատկերացնում, որ նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է ՀՀ-ում հաստատված պետական կարգի, կառավարության մասին, կամ դրա 5 տոկոսի չափով, ու շարունակի ՌԴ-ում եթերը։ Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է։ Հիմա մենք խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի և նրա շահերի նկատմամբ։ Հաշվի առնելով նաև մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել։ Եվ եթե յոթերորդ անգամից հետո էլ այդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք է անջատվեն և այդ բոլոր հեռուստաալիքները ՀՀ-ում պետք է չհեռարձակվեն»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառվում է, որ այդ հեռուստատեսությունները շարունակեն ՀՀ-ում հեռարձակվել։
«Մենք ոնց որ թե 7+5 անգամը պահանջել ենք, երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ խնդրում եմ էս գլխից արձանագրենք, թե ինչ է լինելու հաջորդ քայլը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։