07/05/2024 13:46
Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ)
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու․ այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացած Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում։
Ըստ Թաթոյանի՝ այն գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է։
«Այս պրոցեսը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այդ հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտորեն հակադրվում է մեր շահերին, ստեղծվում է կարծրատիպ, թե իրականացվում է օրինական սահմանազատում»,-ասաց Թաթոյանը՝ պնդելով՝ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ չկա որևէ համաձայնագիր։
Թաթոյանը նկատեց՝ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել եկեղեցու նկատմամբ, իշխանությունները թիրախավորում են եկեղեցին և սրբազանին։