07/05/2024 12:29
Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ)
ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարունակում են երթը դեպի Երևան։
Դեպի Երևան երթի այսօրվա առաջին գլխավոր կանգառը նախատեսվում է Հրազդան քաղաքում։
Արդեն մայիսի 8-ին ցուցարարները մտադիր են լինել Աբովյանում, որտեղ իրենց համախոհները կժամանեն նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից։ Դեպի Երևան երթի մասնակիցները մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ Հանրապետության հրապարակ և մանրամասն պահանջներ ներկայացնել իշխանություններին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե դրանով պատերազմ են հրահրում՝ արձագանքեց․ «Մինչև հիմա այդ պատերազմի դուռը իրենք բացել են ու չեն էլ փակել։ Հիմա ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են»,-ասաց նա։
Նա նշեց, որ իրենք տեղեկացել են, որ Կիրանցից բացի, նաև Ծաղկավան գյուղում են շարժ նկատվում, որտեղ ականազերծվում է։
«Այսինքն՝ գյուղերի թիվն ավելանում է»,-ասաց նա։
Ըստ նրա՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան շարժմանը, որևէ պիտակավորում պետք չի տալ։ «Պետք է համերաշխ լինենք, եթե այդ կուսակցությունից (ՔՊ) մեկն էլ գա ու հայտարարի՝ միանում ենք, մենք պետք է ողջունենք։ Մենք պետք է համերաշխ լինենք»,-ասաց նա՝ նշելով, որ բացառությամբ՝ սադրիչների։