07/05/2024 13:21
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից
Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ինչու են սահնազատման գործընթացը սկսել Տավուշից։
«Անվտանգության երաշխիք ստեղծելու համար։ Երբ այս գործընթացը բնականոն ճանապարհով ավարտվի, հասնի ի լրումի, դա լինելու է անվտանգության երաշխիք և մենք այստեղ գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար։ Սա է եղել մեր նկատառումը։
Դուք կարող եք հարց տալ՝ եթե ուրիշ տարածքից սկսեիք, այդ նույն պատերազմը չէր դելեգիտիմացվի՞։ Ո՛չ, շատ պարզ պատճառով, քանի որ այստեղ խոսքը բնակավայրերի, բնակատեղերի մասին է։ Ես շատ պարզ ասեմ, 2021, 2022 թվականների էսկալացիաները, բնականաբար, դրանք միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել և, ցավով, պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք բացատրվել են շատ դեպքերում 4 ադրբեջանական գյուղերի գործոնով։ Մեզ համար զարմանալիորեն և ցավալիորեն, այդ իրավիճակներում, որտեղ մենք պետք է լինեինք հայցվորի դերում, մենք հայտնվել ենք պատասխանողի դերում, քանի որ հարց է հնչել՝ ճանաչու՞մ եք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը, որ այդ գյուղերի խնդիրը չեք լուծում»։