07/05/2024 14:25
Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան
Կիրանցն իմ ծննդավայրն է, այն, իմ ընտանիքի ձևավորման առաջին օրերից, մեր ընտանիքի սիրած վայրերից մեկն է, ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջին անգամ այնտեղ ամիսներ առաջ են եղել՝ առանց հրապարակումների։
«Մենք սիրում ենք հաճախ այնտեղ լինել։ Կիրանցի ամեն անկյուն, թուփ իմ ընտանիքին հարազատ է։ Մենք այնտեղ մարդկանց տներում ենք եղել։ Տարիներով իմ բոլոր երեխաներն այնտեղ ամառային արձակուրդ են անցկացրել, Արփին ավելի քիչ։ Այսքանից հետո ասում են, որ կառավարությունն այնքան անհոգատար է, որ մի քանի մետրի հարցը չի դնում օրակարգի հարց։ Սա մի պատճառ ունի՝ մենք չենք ուզում քանդել այդքան ջանքերի գնով ձեռք բերված սկզբունքը, որը պիտի ապահովի ոչ միայն Կիրանցի հատվածում, այլև ՀՀ ամբողջ տարածքում անվտանգությունը։ Մեր գործի մոտիվացիաները պետք է ճիշտ հասկանաք։ Ես եմ ասել, որ այս քանդվող աշխարհում անվտանգության երաշխիքներ չկան։ Հետևաբար, մենք մեզ վրա հույս դնելով՝ պետք է ստեղծենք մեր անվտանգության երաշխիքները։ Մեր սիրտը ոչ թե չի ցավում, այլ ընդհակառակը՝ ավելի ցավալի ցավով ա ցավում»,-շեշտեց Փաշինյանը։