07/05/2024 13:28
Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան
Մենք չենք ուզում պրոցեսները կառավարել պատերազմի հավանականության ուղղությամբ, մենք ուզում ենք պրոցեսները կառավարել պատերազմի անհավանականության ուղղությամբ, քանի որ դա է խաղաղության օրակարգի տրամաբանությունը, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը՝ Փաշինյանը նշեց.
«Ենթադրենք, էսպիսի մի իրավիճակ. ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի՛ լրագրողներ, Վեհափառ Հայրապետ, վաղ առավոտից կկասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Իսկ ի՞նչ նպատակ է ունենալու պատերազմը։ Ես հավատացած եմ, որ այս պրոցեսին արձագանքողների նպատակը հենց դա է, ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղում տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը։ Այն ուժերը, ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, բանկանաբար, արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար։ Սակայն, շատ կարևոր է, թե այդ փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունենալու»։