07/05/2024 14:04
Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան
Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՛չ, դա դրա մասին չէ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է։ Այդ ապաշրջափակման արդյունքում նաև ընդգծված է երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։ Մենք ասել ենք պատրաստ ենք և կառավարության ծրագիրը շրջանառվում է, որ մենք պատրաստ ենք անցման կետերը դնել, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից»,-ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է.«Շատ է շահարկվում, որ այդ 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պետք է ապահովի ՀՀ անվտնագության տարածքով։ Նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Հակառակը՝ գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորողը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա, որ ՀՀ-ի որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից և որևէ կողմ, մասանավորապես ՌԴ-ն այն պետք է վերահսկի։ Նման բան չկա»։