07/05/2024 09:39
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարևոր իրադարձությանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների և հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է: Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա դարձած բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է չգնալ հանրային այդ միջոցառմանը, հավանաբար, որպեսզի խուսափի հերթական տհաճ միջադեպից, ինչին բախվեց տիկինը՝ Աննա Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև վարչապետի խոսնակին՝ պարզելու՝ ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը ֆուտբոլային այդ միջոցառմանը: Խոսնակը, սակայն, նշեց, թե որևէ տեղեկություն չունի այդ մասին. ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած ինֆորմացիան»։