07/05/2024 09:30
«Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, և բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը: Մինչդեռ անգամ Վովա Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը և մյուս ոստիկանապետերը` ինչքան էլ հավատարմորեն ծառայել են ժամանակի իշխանություններին, ժողովրդական ընդվզումների ժամանակ ինչ-որ սահմաններ աշխատել են չխախտել:
Իջևանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին և ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել։ Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներում խոսում էին, որ առաջիկա օրերին հնարավոր են ռուսական ազդեցության գործիչների ձերբակալություններ, որ հանրությանը ցույց տան, թե այս նոր շարժումն ուղղորդվում և կառավարվում է ռուսների կողմից»։