07/05/2024 14:51
Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե իշխանությունը չի հակամարտում Հայ առաքելական եկեղեցու հետ։
«Եկեղեցին մեր հետ հակամարտում է, թե չի հակամարտում՝ ինքը պետք է պատասխանի այդ հարցին»,- ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, նշանակում է՝ նրանք խոստովանում են՝ հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում ձախողել են։
Նա ընդգծեց՝ Հայաստանում կան հոգևորականներ, ովքեր, իսկապես, հոգևոր առաջնորդություն են իրականացնում:
«Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր ձախողել են հոգևոր առաջնորդությունը։ Ցավոք սրտի, այս դիրքի մեջ են հայտնվել շատ բարձրաստիճան հոգևորականներ։ Ես ասում եմ՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, և ես, երևի, վերջին մարդն եմ, որ սա ասում եմ»,- ասաց Փաշինյանը։
«Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու»,- ասաց նա՝ շեշտելով՝ ժողովրդի կամքն անկասելի է։
Վարչապետն ասաց, թե շարժումը բացահայտ պատերազմ է քարոզում։
«Ես այստեղ եմ ժողովրդի կամքով ու այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով։ Ես իշխանությունը կարող եմ տալ միայն ժողովրդի տիրոջը», - ասաց Փաշինյանը։