07/05/2024 19:30
10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց
2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, կրակված գնդակ, իսկ նույն հասցեում գտնվող շինության առաստաղի ծածկի վրա՝ արձակված կրակոցից վնասված հատված:
Նախաքննության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սույն թվականի մայիսի 2-ին Ամերիկյան համալսարանի երկու ուսանողներ վիճաբանել են միմյանց հետ, ինչից հետո հաջորդ օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, նրանցից մեկը, պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ընկերների հետ ժամանել է Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել։ Այդ ընթացքում հավաքվածներից մեկը ատրճանակից կրակոց է արձակել, բարեբախտաբար ներկաներից որևէ մեկը չի տուժել:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել կրակոց արձակած անձի վերաբերյալ, ով Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ է:
Նախաքննության ընթացքում առգրավվել են նշված տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարվել են այլ քննչական գործողություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երևանի 40-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 355-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: