08/05/2024 14:27
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Մենք մտահոգված ուսանողներ ենք, ապակուսակցական, ոչ մի քաղաքական կողմնորոշում չունենք։ Մեր խնդիրն ենք համարել բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք կան ՀՀ-ում, Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտեցին ակցիա իրականացնող ԵՊՀ ուսանողները։
Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։
«Ստորագրահավաք ենք իրականացրել, 212 հոգի այս պահին ստորագրել է»,-լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողուհին՝ նշելով, որ իրենց են միացել նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։
«Նույն պահանջով այս պահին մեր սրբազան հայրերից մեկը Կիրանցից երթ է սկսել և վաղն արդեն կլինի Երևանում։ Մեր պահանջն, ըստ էության, նույնն է։ Դիմում ենք ԱԺ-ին, որ կասեցնեն այդ գործընթացը»,-ասաց ուսանողուհին։