08/05/2024 14:05
Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները
Մայիսի 9-ից հանրային մեծ, ավելի ճիշտ՝ շատ մեծ սպասումներ կան․ գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ Սրբազանի խաչը, բառի բուն և փոխաբերական իմաստներով, շատ ծանր է, հետևաբար՝ չի՛ կարելի միայն նրա վրա թողնել ամեն ինչ։ Ամեն մեկն իր անելիքը պետք է անի ու չխուսափի իր բաժին պատասխանատվությունից։
Քաղաքական դաշտում տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է դարձել հեղափոխության/իշխանափոխության ճանապարհներից մեկը։ Դա գործող վարչապետին ԱԺ–ի միջոցով անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորական մանդատները պահելու թիվ մեկ հիմնավորումը հենց դա է ներկայացնում։ Ասում են՝ պահում ենք, մանդատը, որ պետք է եղած ժամանակ Փաշինյանին անվստահություն հայտնենք ու իշխանափոխության այդ տարբերակը կյանքի կոչենք։ Իրենց ասածի մեջ տրամաբանություն կա։ Եթե քաղաքական զարգացումները տանում են Նիկոլ Փաշինյանին ժողովրդական ճնշմամբ խորհրդարանում անվստահություն հայտնելու ուղղությամբ, ապա ընդդիմությունն, իրոք, անելիք ունի այնտեղ։
Մեջբերում ՀՀ սահմանադրության 115–րդ հոդվածից․ « 1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:
Սա նշանակում է, որ ԱԺ–ում առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։
Եթե համարենք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում ամեն ինչ նորմալ է, ապա նրանց համատեղ ձայներն այս պահին 35 են։ Իշխան Զաքարյանը, որը «Պատիվ ունեմ»–ով էր դարձել պատգամավոր, լքել է այդ խմբակցությունը և դարձել «անկախ»։ Հիմա, այսպես կոչված, տնային աշխատանքը նրա և/կամ այլ իշխանզաքարյանների հետ է պետք տանել, որպեսզի այդ նվազագույն 36 պատգամավորական ստորագրությունը լինի։ Եթե, իհարկե, քաղաքական փոփոխությունների սցենարը զարգանա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անվստահություն հայտնելու տարբերակով։
Ամփոփենք․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներից մեկը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է, որի համար պետք է սկզբում առնվազն 36 պատգամավորի, հետո՝ 54–ի «կողմ» քվեն (այսինքն՝ ՔՊԿ–ից առնվազն 18 հոգի պետք է դեմ գնա Փաշինյանին)։ Դա նշանակում է, որ այս սցենարով հեղափոխությունը/իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ դրա մեկնարկը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Իշխան Զաքարյանն է (կամ նրա նման մեկը (Շիրակ Թորոսյանին աչքի տակ պահեք)․ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։
Իշխանափոխության այլ սցենարներ էլ կան, բայց այդ մասին հաջորդիվ։
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը»։