08/05/2024 21:56
Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը կարևորել է Բագրատ Սրբազանի անձը՝ ընդգծելով նրա փայլուն կենսագրությունը, ստացած կրթությունը, որ կարողանում է խոսել հանդուրժողականության և ստի դեմ պայքարի մասին՝ հանրության լայն շերտերի համար հասկանալի լեզվով։ Ըստ Նիկոյանի՝ Սրբազանը կարողանում է անել մի բան, ինչը, գուցե, արդարացիորեն չկարողացան անել քաղաքական կուսակցությունները՝ պայմանավորված նրանց զուտ քաղաքական գործունեություն ծավալելու ունակություններով։
«Նիկոլը սատանա է. բերում է սուտ և կեղծիք, բերում է դավաճանություն և խավար, իսկ դրա դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին կարողանում է բերել հենց եկեղեցու սպասավորը»,- ասել է Նիկոյանը։
ՀՀԿ-ական գործիչը, որպես փաստ՝ ընդգծել է այն իրողությունը, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին պետք է ոչ թե զուտ քաղաքական, այլ վերկուսակցական մի շարժում, որը կլիներ բոլորինը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իսկ եկեղեցին հենց այդպիսին է։
Խոսելով այս շարժմանը ՀՀԿ-ի աջակցել-չաջակցելու մասին, Սամվել Նիկոյանն ընդգծել է՝ աջակցում են շարժմանը։
«Մենք փողոցում ենք՝ պայքարի մեջ։ Մեր շարքերում հայ մարդիկ են, որոնք ինքնաբուխ մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։ Մենք ողջունում ենք այդ շարժումը, որը հասարակական շարժում է։ Կարծում եմ՝ դեռ վաղաժամ է այս հասարակական շարժման վերաբերյալ քաղաքական ուժերից քաղաքական գնահատական և դիրքորոշում ակնկալելն այս փուլում։ Մենք ողջունում ենք և մասնակցում բոլոր գործողություններին, տեսնում ենք, որ պայքարելու մեծ դաշտ կա։ Մենք ունենք նպատակ՝ հեռացնել Փաշինյանին և փորձել փրկել Հայաստանը և դրա համար ենք պայքարում, իսկ երբ կլինի Սրբազանի առաջնորդած շարժման քաղաքական դիրքորոշումը, մենք դրան կտանք մեր գնահատականը»,- ասել է Նիկոյանը։