08/05/2024 23:43
Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան
Վերջին օրերի «Սրբազան երթն» իրատեսական հույսեր է արթնացրել Հայաստանը սիրող, հավատք ու հայրենիք ունեցող հայերի շրջանում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շատ խորհրդանշական օրով հասնելու է հայերի մայրաքաղաք Երևան։
Այդ օրը բոլորիս պարտքն է լինել փողոցում, աջակցել Հայաստանի պետականության վերջնական վախճանի դեմ սրբազան պայքար հայտարարած շարժմանն ու միասնական ջանքերով սկզբնավորել ստի, կեղծիքի, հայրենավաճառության, բարոյազրկության, անաստվածության, քաղաքական շիզմի և գյադաների իշխանության քաղաքական վախճանը։
Մայիսի 9-ը 6 տարի առաջ մեզ համար եռատոն էր, որից նվազագույնը երկուսի խորհուրդը՝ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը, այս անհայրենիք բորենիների վարչախմբի կողմից ոտնատակ տրվեց։ Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին։
Բանտից հասանելի միջոցներով տեղի ունեցող շարժմանը հետևելով՝ եկել եմ ողջամիտ համոզման, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իմ կողմից նշված առաքելությունը պատասխանատվությամբ կրում է, իսկ ժողովրդական տեսանելի ցնծությունն ու քաղաքական կոնսոլիդացիայի բավականին ընդարձակ լինելն ավելի են մեծացնում սկսված շարժման` հաջողության հասնելու հնարավորությունները։ Հենց այսպիսի շարժման հավանական հաղթանակի մասին էի խոսում մինչև ռեժիմի պարագլխի հրամանով բանտարկվելս։
Ողջախոհությու՛ն և վճռականությու՛ն հայ ժողովրդին, համբերությու՛ն և հաղթանա՛կ մեզ բոլորիս։ Աստվա՛ծ պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
08․05․2024թ․