08/05/2024 15:30
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել
Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են՝ ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունից։
«Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ սահմանին մարդատար ավտոմեքենաների հերթեր չեն գրանցվում։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության տվյալներով՝ ռազմավարական ճանապարհով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը Մոսկվայի ժամանակով՝ մայիսի 6-ի 22:50-ից ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:
Ռազմավարական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։