08/05/2024 11:13
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդը հայտարարություն է տարածել․
«Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։
Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։
Դատապարտելի է ցանկացած ոտնձգություն հայրենիքի, հայ ժողովրդի, խաղաղության, իրավունքների նկատմամբ։ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին:
Կոչ ենք անում ձգտել երկարատև ու ամուր խաղաղության ոչ թե միակողմանի շարունակական զիջումների հաշվին, այլ ազգային միաբանության, հասարակական լայն հաշտության ու համերաշխության, ինչպես նաև ազգային արժանապատվության հիմունքներից ելնելով` նույն թվում դասեր քաղելով Արցախի հայաթափման ցավալի փաստից»: