08/05/2024 18:56
Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի
Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է:
Քաղաքական չէ`ազգային է:
Եկեղեցական չէ`ժողովրդական է:
Համազգային մաքրման հնարավորություն է:
Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք ստից, կեղծիքից, մեղքերից:
Մենք՝ որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են, կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:
Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:
Եկել է մաքրվելու ժամանակը: Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:
Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:
Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:
Հայերը չպետք է նմանվեն այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման:
Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը`բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:
Եկեք քրիստոնեական բարոյականությամբ բոլորս միասին ասենք. հրաժարվում ենք Նիկոլից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար կամքը կատարողներից, նրա չար սպասավորներից և նրա ամբողջ չար իշխանությունից:
Հրաժարվելով` հրաժարվում ենք:
Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:
Մաքրվենք, որ մաքրենք:
Իսկ ես, թեպետ մարմնով բանտարկված եմ, բայց հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ:
Բագրատ սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
08.05.2024