08/05/2024 09:37
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որևէ ազդեցության չի ենթարկվում և որևէ քաղաքական ուժի, առավել ևս անհատի հետ չի քննարկում իր անելիքները, ուր մնաց համաձայնեցներ:
Թեպետ որոշ ուժեր և հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ սրբազանը որքան մեղմ ու հանդուրժող է երևում, նույնքան էլ անկառավարելի և ամուր մարդ է։ Ոմանք ենթադրում են, որ նա միայն Մայր Աթոռին ու Վեհափառին է հաշվետու և վերջինիս հետ է քննարկում շարժման մարտավարությունը, սակայն նրան ճանաչողները դրան էլ են կասկածում: Բավականին ծանր վիճակում է հայտնվել տիտղոսակիր ընդդիմությունը` քոչարյանական և սերժական թիմերը: Նրանք, մի կողմից, չեն կարող ձեռնպահ մնալ շարժմանը մասնակցելուց, մյուս կողմից` դեմ չեն լինի, եթե իրենց դոմինանտությունը հաստատվի, բայց նախկինների ուրվականը կարող է վնասել շարժմանը, ուստի առայժմ միայն զգուշավոր են, թեև խանդով են վերաբերվում կոնկուրենտ թիմի մասնակցությանը:
Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ դեռևս 44-օրյայից հետո, երբ խոսք էր գնում անկլավները հանձնելու մասին, և պարզ էր, որ դա նախ վերաբերելու է Տավուշին, սրբազանը գրեթե երդում է տվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, կյանքի գնով էլ լինի` փորձելու է կանխել պետականակործան այդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ քայլերթ է սկսվել Կիրանցից: Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան»։