08/05/2024 18:15
Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Մայիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություններ է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Իսկ մայիսի 7-ին մի խումբ քաղաքացիներ AntiFake.am–ի խմբագրակազմի հետ միասին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ` հաջակցություն Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի:
AntiFake.am-ի խմբագրությունը դեսպաններին և միջազգային կառույցների ղեկավարներին հիշեցրել է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 42 օր է՝ անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:
Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։
AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում Եվրոպական կառույցներն ու դեսպանությունները գնահատական կտան ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրեն գործող իշխանության նկատմամբ` անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին: