09/05/2024 12:07
Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ
Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում նախազգուշացնելու, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։
Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»,-նշված է հաղորդագրության մեջ։