09/05/2024 16:43
«Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է, որտեղ քիչ անց կմեկնարկի համազգային շարժման հրավիրած հանրահավաքը։ Ընդդիմադիր պատգամավորն այս առնչությամբ նշեց՝ հանրության մեծ մասը գիտակցում է, որ գործող իշխանությունը երկիրը ծայրահեղ վիճակի է հասցրել և բնական է, որ արտահայտում է իր դժգոհությունը։
«Մի բան ակնհայտ է՝ մեր հանրության բավականին մեծ խումբ, բավականին մեծ շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունի՝ ինչ է տեղի ունենում երկրում։ Իշխանությունը չի կարող ամեն տարի գալ, մարդկանց անընդհատ խաբել, թե երկիրը տանում է կայունության, անվտանգության և խաղաղության ճանապարհով, բայց ամեն տարի նոր զոհողություններ, նոր կորուստներ, հանձնողական նոր քաղաքականություն բերել։
Պատահական չէ, որ մարդիկ ոգևորված են այս փուլում, երբ կա դիմադրություն և այն առաջնորդողներ։
Մարդիկ եկել են առաջին հերթին հայտնելու իրենց անհանգստությունը, իրենց մտահոգությունը ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այսպիսի ծայրահեղ կետի։ Բնականաբար, այսպես երկար շարունակվել չի կարող։ Քաղաքական լուծումներն այս դեպքում առաաջնային են»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։