09/05/2024 16:01
Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Անկեղծանամ։ Ես շատ կուզեի գլուխս կախ զբաղվել իմ գործով՝ թյուրքագիտությամբ։ Ամեն օր առանց տագնապի գրեի հոդվածներ, դասավանդեի ու վերլուծական տեղեկանքներ կազմեի, որոնք կօգնեին իմ պետությանը դիմադրել թշնամիներին։ Այսօր ես չունեմ նման հնարավորություն։ Որովհետև մեր պետության ղեկին գտնվող մարդկանց հետաքրիր են ոչ թե մեր պետության շահերը, այլ իրենց սեփական իշխանությունը։
Ու մեր՝ հասարակ քաղաքացիներիս բոլոր ջանքերը ջուրն են ընկնում։ Բոլորիս վճարած հարկերով մեր ու մեր ծնողների արած գործերը զրոյացվում են։ Մեր սարքած տներն ու լաբորատորիաները, մեր կառուցած դպրոցներն ու ճանապարհները անցնում են թշնամուն։
Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն։ էս պահին՝ Տավուշի 30 տարվա ամրացված սահմանները, երեկ՝ 30 տարի շենացված Արցախը, վաղը՝ Արարատն ու Սյունիքը։ Ուստի սեփական գործով զբաղվելուց զատ, պետք է անել ևս մեկ բան. պայքարել սեփական հողում սեփական գործով զբաղվելու իրավունքի համար։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է հայրենատիրություն։ Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան՝ առանց մեր տանը սեփական գործով զբաղվելու հնարավորությամբ։ Սա ասում եմ որպես Թուրքիան և Ադրբեջանը լավ ճանաչող մարդ։ Իրենց արվող զիջումները բերելու են նոր պատերազմ ու երաշխավորված պարտություն թուրքերից։ Մինչդեռ դիմադրությունը հնարավորություն է հաղթելու և զարգանալու։ Ընտրությունը քո ձեռքերում է, հարգելի՛ ընթերցող։ Ընդամենը պետք է չլռել ու դուրս գալ պայքարի մի քանի օր։ Ու էս մղձավանջը կվերջանա, ու բոլորս նորից կզբաղվենք մեր գործով՝ իմանալով, որ պետություն ունենք, ու մեր ջանքերը գնում են էդ պետության պաշտպանությանը։ Կհանդիպենք Հանրապետության հրապարակում։
Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ»։