09/05/2024 18:48
Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան
Առաջին հաղթանակն ենք գրանցել․ Հանրապետության հրապարակից հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Առանց որևէ խոչընդոտի՝ ուզում էին սահմանազատման քարերը դնել․ լուրը ստացանք, որ վերջին երեք քարերը չեն դրել՝ կասեցվել է կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ շնորհիվ այս ժողովրդի, և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,-ասաց նա։
Սրբազանն ասաց, որ եկել են՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից․ «․․․ որ շարունակաբար այցելել է մեր հայրենիք, դժբախտաբար՝ ստել, խաբել, մոլորեցրել, և հետո ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած, անընդունելի էր մեզ համար։ Հստակ եմ ուզում ասել, որ բոլոր մանիպուլացիներից հրաժարվենք։ Այս գործընթացը մեզ համար երկու երես ունի, մեկը՝ իրավական, մյուսը բարոյական»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանը ներկայացրեց ժողովրդի պահանջը։
«Այս կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ ձախողել է ծայրից ծայր երկրի կառավարումը, եկեղեցին թիրախ է դարձրել, ցեղասպանության ժխտումը, Արցախի կործանումը»,-ասաց նա և ժողովրդի անունից պահանջեց վարչապետ Փաշինյանի հրաժարականը։
«Առաջին անգամ եմ տալու նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»,-ասաց Բագրաատ Սրբազանը և նշեց, որ պատրաստ է հանդիպելու և քննարկելու հրաժարականի հարցը։
«Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք, և ձեր հրաժարականով կվերադարձնեք Հայոց Եռատոնը, որը գողացել եք ժողովրդից»,-ասաց նա։
«Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները»,- հավելեց Սրբազանը։